Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Նոյեմբերի 17-ը՝ Թերահաս երեխաների միջազգային օր

Նոյեմբերի 17-ը՝ Թերահաս երեխաների միջազգային օր

Նոյեմբերի 17-ին աշխարհում նշվում է Թերահաս երեխաների միջազգային օրը (World Prematurity Day): Այն հաստատվել է 2009թվականին՝ Նորածին երեխաների խնամքի եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ (European Foundation for the Care of Newborn Infants, EFCNI):

 

Ամեն տարի մոլորակի վրա ծնվում են 15 միլիոն թերահաս երեխաներ, այլ կերպ ասած՝ միջին հաշվով ամեն 10-րդ երեխան ծնվում է այդպիսին: Այս երեխաների մեկ միլիոնից ավելին մահանում են ծնվելուց անմիջապես հետո, իսկ շատերը տառապում են տարբեր տեսակի ֆիզիկական և նյարդաբանական հաշմանդամությամբ կամ խնդիրներ են ունենում ուսուցման մեջ: Համաձայն վիճակագրության, աշխարհում երեխաների մահացությունների գրեթե կեսի պատճառը է վաղաժամ ծննդաբերությունն է:


Ընդ որում, վերջին տարիներին նկատվում է վաղաժամ ծնված երեխաների կայուն աճ: Ինչպես հայտնի է, բոլոր նորածին երեխաները խոցելի են, իսկ վաղաժամ ծնվածները` հատկապես: Չնայած վերոնշալ իրականությանը, վաղաժամ ծննդաբերության խնդիրը մնում է հասարակության կողմից թերագնահատված խնդիրներից մեկը: Բժիշկները փորձում են այդ խնդրի վրա ուշադրություն սևեռել, քանի որ ցածր և չափազանց ցածր մարմնի քաշով թերի ծնված երեխաների քանակն աճում է:


Հարկ է նշել, որ վաղաժամ ծննդաբերությունների քանակի աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջին հերթին դրանք մեծ տարիքում ծննդաբերող կանայք են, երկրորդը՝ չբերության դեմ օգտագործվող դեղերի մեծ քանակությունը, ծննդաբերության վաղաժամ և չհիմնավորված խթանումը, կեսարյան հատումը: Նմանատիպ ճանապարհով ծնված երեխաներին անհրաժեշտ է ավելի բարձր տեխնոլոգիական ինտենսիվ խնամք: Եվ ոչ միայն…


Չէ՞ որ թերահաս երեխա ունենալը մեծ սթրես է ծնողների համար, ովքեր ո՛չ միայն երեխայի բարձրորակ բուժման և նյութական աջակցության կարիք ունեն, այլ նաև հոգեբանական օգնության: Իմացությունն այն մասին, որ թերահասությունը դատավճիռ չէ, և որ թերահաս ծնված երեխաներից շատերը մեծացել են ո՛չ միայն առողջ ու լիարժեք, այլև հայտնի մարդիկ դարձել, խնդիրն ինքնստիքյան կարևորվում է:


Թերահաս երեխաների օր հաստատելու գաղափարը հնարավորություն տվեց հանրությանը հրապարակայնորեն հայտարարել հասարակության մեջ գոյություն ունեցող խնդիրները, նրանց հրատապությունն ու լուծման անհրաժեշտությունը, խնդիրներ, որոնց հետ բախվում են բժիշկներն ու թերահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Նման որոշումը օգնեց նրանց գտնել աջակցություն և փոխըմբռնում: Չէ՞ որ թերահասությունը խնդիր է, որի հետ հանրությունն ու ընտանիքները բախվում են անկախ զարգացվածության աստիճանից և բարեկեցությունից:


Թերահաս երեխաների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2009թ.: Այս օրը Վիեննայի Սուրբ Միքայելի հրապարակում համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորներ Առնոլդ Պոլակը և Անգելիկա Բերգերը երկինք բաց թողեցին միաժամանակ 500 սպիտակ  փուչիկներ՝ այդ տարվա ընթացքում Վիեննայում ծնված թերահաս երեխաների քանակին համապատասխան: 2010թ. այդ օրն արդեն լայնորեն նշվեց եվրոպական 12 երկրներում:


Այսօր Թերահաս երեխաների օրը շատ երկրներում դառնում է հայտնի ամենամյա իրադարձություն: Այդ օրվան նվիրված միջոցառումների շարքում են՝ հեռուստատտեսային հաղորդումներ և հարցազրույցներ, բարեգործական համերգներ և ընդունելություններ, մամուլում և համացանցում հրապարակումներ, մի շարք ակցիաներ և միջոցառումներ, որոնք կազմակերպվում են ինչպես տարբեր երկրների առողջապահության և իշխանության օրգանների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից: Կարևորն այն է, որ այս բոլոր միջոցառումների նպատակը մեկն է. հանրությանը տեղեկացնել վաղաժամ ծննդաբերության վտանգների և հետևանքների, ինչպես նաև  հղիության ամբողջական ժամկետի պահպանման անհրաժեշտության մասին:


Կարևոր է, որ վերջին ժամանակներում այս խնդրի վրա սկսել են ուշադրություն դարձնել նաև կառավարությունները: Թերահաս երեխաների խնամքի բժշկական և տնտեսական հարցերը, օրինակ՝ Ռուսաստանում, բարեհաջող լուծվում են «Առողջություն» ազգային ծրագրի շրջանակներում: Երկրի տարբեր շրջաններում արդեն բացվել են ավելի քան 20 պերինատալ կենտրոններ, որոնք հղի կանանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում, խնամում 500 գրամ քաշ ունեցող երեխաներին: Թերահաս ծնված երեխաների մահացության ցուցանիշը կրճատվել է 3-4 անգամ և զգալիորեն աճել մինչև մեկ կիլոգրամ մարմնի զանգվածով խիստ թերահաս երեխաների գոյատևումը:


Հարկ է հիշեցնել, որ շատ հայտնի մարդիկ թերահաս են ծնվել, սակայն արդյունքում դարձել են համաշխարհային ճանաչմամբ հանճարներ: Նրանց թվում են՝ Նապոլեոն Բոնապարտը, Իսահակ Նյուտոնը, Ալբերտ Էյնշտեյնը և այլոք:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ